Լավաշի պատմությունը, խորհուրդն ու մշակութային արժեքը

 

խանջյան լեռներում

Գրիգոր Տաթևացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»:

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտանբերված կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները:

  •  ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

 

  •     ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Լավաշը պատրաստելը մի ամբողջ արարողակարգ է եղել:

Ալյուրից, գոլ ջրից, խաշից՝ ավանդաբար հայկական  թթխմորից,  և աղից պատրաստված խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար, որից  հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի, գրտնակով բացում,  օդի մեջ մի ձեռքից մյուսին գցելով՝ ձգում-բացում են, քաշում ձվաձև բարձիկի վրա՝ մարզկա, ռաֆաթա կամ բադադ, և կպցնում կավե թոնրի տաք պատերին.  արարողակարգը վերջանում է բոքոն թխելով.

 

 

  • ԹՈՆՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Թունդիր-թոնդիր-թոնիր՝ tonir tundir tandir pur phur-փ-հուր— փուռ -(բրբռ):

Կարմիր կավից թրծված գետնափոր թոնդիրի նախատիպն է Հայկական Ծաղկանց լեռներից արևելք գտնվող Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածի՝ շրջանաձեւ հիմքով բազմածին գործող կոնաձև  Թոնդրակ հրաբուխ է,  հատակին՝ լիճ: Թոնդրի հատակից սկիզբ է առնում թոնդրի ակը, որից ներս մտնող օդը թեժացնում է կրակը:

Ավանդույթը պատմում է. Հնում, երբ ռազմի աստված Վահագնը ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին և տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի:

 

  • ԼԱՎԱՇ ԹԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Լավաշ թխելու գործիքնեից են նաեւ խաչերկաթը, շամփուրը, փայտից պատրաստված խմորի տաշտը(տաշտ- յաշտ- աշտ)սուփրեն-սուրբսուբրեն՝ շորը, որի վրա լավաշի գունդերն են շարում, այսինքն շորն անգամ համարում էին սուրբ: Սեղան-տախտակը՝ կարճ խաչաձեւ ոտներով, կլոր գրտնակը, մարզկան, որն ունի փոքրիկ արտի տեսք, մարզականմարզմասն ամբողջի եւ ականաչքարտի աչք (ՆՀԲ),բադադ կամ փաթաթ, կամ ռափադան:

Ռափ(ֆ)ադա – արրա -«արեւ» բնիկ հայերեն արամատից ռափադառափայդա իմաստով «Ռ սկզբանատառս հասարակօրեն կազմէ զբառ օտար՝ ի լեզվէ մերմէ- ՆՀԲ», այսպիսով Ռ-սկզբնատառ ունեցող բառերը բնիկ հայերեն բառեր են՝ ռազմիկ, ռամիկ, ռայ— դրօշ, ռահ-ճանապարհ, ռափայհսկայ (ՆՀԲ):

 

 

  • ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԼԱՎԱՇԻ ՀԵՏ
  1.       Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր:  Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:

 

2.     Ըստ հայոց դիացաբանության՝  աստվածների հայր Արամազդը Աստղիկի և  Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին : Փեսայի տուն գնալու ճանապարհին  լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը  բարկանում է Աստղիկի վրա՝  «Հացը գետնին ձգողը  չի կարող կին ու մայր դառնալ»  անիծելով: Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից  հայոց ազգային սովորություններից է  նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:

3.        Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել, մինչև հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին: Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի», օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի», անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի»,  «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի և  հացի համադրումն ու կապը:

 

  • ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Լավաշի խորհուրդը գալիս է դարերից. Այն է՝ երջանկությունը աշխատանքի մեջ է, որի մասին պատմում է հատկապես «Նաղաշ» մուլտֆիլմը. Այն  Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։ Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար։ Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի գործը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։ Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։

 

  • ԼԱՎԱՇԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ

2014թ.-ի նոյեմբերին Ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։

Հայկական կողմից  ներկայացրած հայտը, որը կոչվում էր «Լավաշ. Հայկական հացի նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի դրսևորում», անցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված բոլոր ընթացակարգային փուլերը։

hacc

hac

haac

Գրականություն

  1. ՔՈՉԱՐՅԱՆ Գ. Գ. — «ՏԻՐ/ՏԻՒՐ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ» ՍԵՐՆԴԱՇԱՐՔՈՒՄ»
  2. Համլետ Մարտիրոսյան — «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», Բազմավէպ, 2008թ.:
  3. Անժելա Տերյան — «Հայաստանը արարչագործության եւ քաղաքակրթության բնօրրան», Երեւան, 2002 թ.:

 

 

 

Оставьте комментарий